|
|
|
ՆՅՈՒԹԵՐ
ԱԺԿ VII ՀԱՄԱԳՈՒՄԱՐ /ք.Երևան, 25 Փետրվարի 2007թ./

Ֆոտոարխիվ >> | |
ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ
Սիրելի հայրենակիցներ
Թույլ տվեք մի փոքր ամփոփել մեր ձեռքբերումներն ու կորուստները Հայաստանի անկախացումից ի վեր: Անկախացումով մենք ստացանք մեր երկրի եւ մեր ժողովրդի մի մասի՝ հայաստանաբնակ հատվածի ճակատագիրը տնօրինելու, մյուս մասի՝ սփյուռքի հայության հետ հարաբերությունները հարաբերականորեն ինքնուրույն ձեւավորելու հնարավորություն: Մենք ստացանք միջազգային հանրության հետ ինքնուրույն հարաբերվելու հնարավորություն: Մեր հմտությունից, խելքից էր կախված այդ հնարավորությունն օգտագործելու կարողությունը: Անշուշտ, անկախությունը ձեռք բերեցինք այն տնօրինելու բազմաթիվ խանգարող կամ դժվարացնող, խոչընդոտող գործոններով՝ ղարաբաղյան չլուծված պրոբլեմով, շրջափակված երկրով, երկրաշարժի հետեւանքներով՝ ավերումներով, մարդկային եւ նյութական կորուստներով եւ փախստականության՝ Հայաստանի համար ահռելի ծավալներով: Պատերազմով: Այս ամենը՝ ցեղասպանության չլուծված պրոբլեմով:
Իհարկե, սրանք օբյեկտիվորեն զգալի ազդեցություն ունեցան մեր կարեւորագույն ձեռքբերումը՝ անկախությունը եւ հարաբերական ինքնուրույնությունը տնօրինելու մեր հնարավորությունների վրա:
Մենք ձեռք բերեցինք սփյուռքահայությունը որպես քաղաքական գործոն: Հայաստանյան շրջանակներում սովորաբար խոսվում է սփյուռքահայության տնտեսական օժանդակության մասին: Սակայն պակաս կարեւոր չէ, եթե առհասարակ ավելի կարեւոր չէ, սփյուռքահայության՝ որպես քաղաքական գործոնի խնդիրը: Հայաստանի եւ հայ ժողովրդի համար, իմ գնահատմամբ, սա կարեւորագույն ձեռքբերումներից է:
Մենք խթաններ ստացանք մեր հպարտության եւ արժանապատվության նվազող արժեքները վերակենդանացնելու: Խթաններ ստացանք ոչ միայն անկախացման փաստով, այլեւ դրան նախորդած եւ հաջորդած կարճ, բայց խիստ հագեցած ժամանահատվածով՝ մեր էթնիկ հավաքականության եւ բարոյականության, մարդասիրության եւ արժանապատվության արժեքները հաստատելու կամքով, նվիրումի եւ հաղթելու վճռականությամբ: Սա շատ լուրջ ձեռքբերում էր:
Մենք ստացանք մարդկային եւ ազգային մեր նկարագիրը մեր պատկերացմամբ կերտելու հնարավորություն: Այլ կերպ ասած՝ մենք ստացանք մեր էթնիկությունը ձեւավորելու հնարավորություն: Մարդկային արժանապատվության եւ էթնիկության մեր ընկալումները վարքի նորմերի վեր ածելու եւ բարեկիրթ հայի մեր պատկերացրած նկարագիրը ձեւավորելու, կերտելու հնարավորություն: Արդարության եւ արդարամտության հասարակություն ստեղծելու: Հանրապետություն եւ հանրապետության քաղաքացի ստեղծելու: | |
ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ
Քաղաքացիական նախաձեռնության համակարգող Տարոն Առաքելյանի ելույթը ԱԺԿ համագումարում
25 փետրվարի, 2007 թվական, Երևան
Համագումարի հարգարժան պատվիրակներ, հյուրեր,
տիկնայք և պարոնայք
Ես ներկայացնում եմ Հավատարմություն քաղաքացիական նախաձեռնությունը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ոչ ֆորմալ միություն է: Այս նախաձեռնության մասին համառոտ տեղեկություններ կարող եք ստանալ Ձեզ բաժանված տեղեկատվական թերթիկներից կամ www.havatarmutyun.org կայքից: Եթե մեկ խոսքով ասենք` այս նախաձեռնության մեջ ընդգրկվել են մարդիկ, որոնք տարիներ շարունակ բազմիցս արտահայտել են իրենց անհանգստությունը Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ, հանդես են եկել հրապարակային ելույթներով, հայտարարություններով, հոդվածներով, սակայն մեր, ինչպես նաև ձեզանից շատերի կոչերն ու հորդորները մնացել են անարձագանք, հատկապես, իշխանությունների կողմից: Եվ այժմ, տեսնելով մեր երկրին սպառնացող, օր օրի աճող վտանգներն ու մարտահրավերները, մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, պարտադրված ենք ակտիվորեն ներգրավվել քաղաքական գործընթացներում` դիմագրավելու մեր երկրին և հասարակությանը նետված մարտահրավերներին:
Այժմ կուզենայի Ձեր ուշադրությունը հրավիրել այն խնդիրներին, որոնք, մեր կարծիքով, այսօր լուրջ սպառնալիք են Հայաստանի համար:
Հիմնական և ամենալուրջ սպառնալիքը ժողովրդավարության շարունակական նահանջն է վերջին 15 տարիների ընթացքում, որը գնալով ավելի մեծ թափ է ստանում և ախտահարում է հանրային կյանքի և հասարակության նորանոր շերտեր ու ոլորտներ: Ըստ էության, ժողովրդավարության ճգնաժամը Հայաստանում այն հիմնախնդիրն է, որից ածանցյալ են մնացած գրեթե բոլոր խնդիրներն ու վտանգները: Դրանց թվում են.
Վտանգ 1. Պետականության հիմքերի թուլացումը, այդ թվում.
ա) Սահմանադրության օրինականության հարցը:
Հայաստանում շատ քիչ մարդիկ կգտնվեն, ովքեր հավատում են, թե սահմանադրական հանրաքվեն անցել է արդար և ներկա սահմանադրությունը ստացել է ժողովրդի քվեն: Իհարկե` ոչ: Եվ այսօր մենք, փաստորեն, գտնվում ենք մի անհեթեթ իրավիճակում` երկրի հիմնական օրենքի, պետականության հիմքի օրինականությունը կասկածի տակ է: | |
ԴՈՒՍՏՐԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Համագումարի հարգելի մասնակիցներ
Տիկնայք և պարոնայք
Սիրելի բարեկամներ
Այո՛:
Մենք գնում ենք ընտրությունների և գնում ենք լուրջ ակնկալիքներով:
Ավելին, Ազգային Ժողովում լինելը և նույնիսկ մեծամասնություն ունենալը մեզ համար նպատակ չէ, այլ ընդամենը միջոց երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար: Եվ դա այն մթնոլորտում, երբ շատերը ասում են, որ ընտրությունների արդյունքը կանխորոշված է գնված ձայներով, իշխանական լծակների պարտադրանքով:
Արդյո՞ք դա այդպես է: Արդյո՞ք կան մարդիկ, ովքեր իրոք հավատում են, որ ողջ ժողովուրդին կարելի է գնել և պարտադրել:
Իհարկե ոչ:
Իրականությունն այլ է: Իսկ իրականությունն այն է, որ.
1. Հայտնի բան է. մեծ հանցագործություն կատարողը պատրաստ է խոստովանել փոքր հանցագործությունը: Փաստացի իշխանական դաշտը խոստովանում է, որ զբաղված է ձայներ գնելով և պարտադրելով: Սակայն բոլորիս համար ակնհայտ է, որ Հայաստանում ընտրությունների հայտարարված արդյունքները չեն համապատասխանել ժողովրդի քվեին: Այսինքն` մեծ հանցագործությունը` զանգվածային կեղծիքները քողարկելու նպատակով փորձ է արվում մեղադրել մեր ժողովրդին ձայնը վաճառելու համար:
2. Այո, իհարկե կան մարդիկ, ովքեր սոցիալական ծանր վիճակից, հուսահատությունից և ապագայի նկատմամբ հավատի կորստից դրդված գնում են այդ քայլին: Մենք այդ մարդկանց չենք արդարացնում, բայց հասկանում ենք, քանի որ պետությունն է այդպիսին, պետությունն է անարդար: Բայց այդպիսի մարդիկ հասարակության փոքր տոկոսն են կազմում: Բավական է հիշել, որ իրականում ընտրություններին մասնակցում է միջին հաշվով ընտրողների 35%-ը և նույնիսկ այդ պարագայում ստիպված են եղել կեղծել:
Ժողովրդի հիմնական հատվածը չի գնում ընտրության:
Ինչու՞: Պատճառները շատ են: Թվեմ դրանցից մի քանիսը:
Ժողովրդի հիմնական հատվածը չի գնում ընտրությունների,
որովհետև չի հավատում ընտրությունների արդարությանը,
որովհետև հիասթափված է քաղաքական դաշտից,
որովհետև չի տեսնում այլընտրանք:
| |
ԿԱՄՈ ԵՓՐԵՄՅԱՆ
2001թ. կայացած ԱԺԿ հիմնադիր համագումարը հասարակությանը ներկայացրեց ԼՂՀ հիմնախնդրի և կարգավորման ուղիների վերաբերյալ սեփական տեսակետը, որը ելնում է ԼՂ միջազգային ճանաչումից: Անցած տարիները միայն ամրապնդեցին մեր համոզմունքը, որ ԼՂՀ միջազգային ճանաչումը պետք է կազմի ղարաբաղյան հարցի կարգավորման հիմնական առանցքը: Մեր մոտեցումը հիմնված է հետևյալ փաստարկների վրա`
1. 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով ԼՂ-ի ժողովուրդը արտահայտվեց անկախ պետություն կառուցելու օգտին, որն ինքնին կարող էր բավարար լինել: Իրավական տեսակետից ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման իրականացումը կատարյալ է` այն իրականացվել է միջազգային իրավունքի նորմերին և ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան (խոսքը 1990թ. ապրիլի 3-ի «Խորհրդային Միությունից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» օրենքին է վերաբերում): Համաձայն այդ օրենքի` միութենական հանրապետության միության կազմից դուրս գալու դեպքում ինքնավար կազմավորումները և հավաք ապրող ազգային փոքրամասնությունները իրավունք էին ստանում դուրս գալու հանրապետության կազմից և դարնալու ինքնուրույն սուբյեկտ:
2. ԼՂ-ը երբևիցե չի եղել անկախ Ադրբեջանի կազմում:
3. ԼՂ-ում առկա են ժողովրդավարական պետականության անհրաժեշտ բոլոր հատկանիշները:
- Քաղաքացիական հասարակության զարգացում.
- Իշխանության ճյուղերի տարանջատում.
- Իշխանության բոլոր մակարդակներում պարբերաբար անցկացվող ազատ և արդար ընտրությունների ինստիտուտի արմատավորում.
- Քաղաքացիական վերահսկողության տակ գտնվող և իր սահմանները պաշտպանելու ունակ մարտունակ բանակ.
- Հանրաքվեով ընդունված ժողովրդավարական սահմանադրություն:
Ցավոք ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը այս կամ այն կերպ շեղվել է ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը, որպես հակամարտության կարգավորման հայեցակարգի հիմնական առանցք ընդունելու ռազմավարությունից: Մասնավորապես միասնական պետության մոտեցումը Ադրբեջանին հնարավորություն ընձեռեց ներկայացնելու հակամարտությունը որպես տարածքային վեճ Ադրբեջանի և Հայաստանի միջև, իսկ Հայաստանը, որպես ագրեսոր: Ցավոք միջազգային հանրության ավելի մեծ հատված հակվում է դեպի այդ տեսակետը, վկա ԵԽ-ի 2005թ. ընդունված բանաձևը: | | |
|
|
|