ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԱԺՄ XVII ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ
 Փետրվարի 19-ին տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, եւ, ինչպես միշտ, ժողովուրդը մեր երկրի իրավիճակի փոփոխության հույսեր է փայփայում: Խորհրդանշական է, որ այդ նույն օրը նշվելու է նաեւ մեր Շարժման 20-ամյակը: Մի Շարժում, որի ժամանակները հիշում եմ հպարտությամբ, պայծառ զգացումներով, ոգեւորությամբ, ժամանակներ, երբ բոլորս համերաշխ էինք, նույն զգացմունքներով էինք համակված, նույն նպատակներով էինք տոգորված, կարողանում էինք միասին գործել: Մենք բոլորս անվախ էինք: Երբ 1990 թ. Շարժման գաղափարների հիման վրա Գերագույն խորհուրդն այս դահլիճում ընդունեց Հռչակագիր, որով գծագրվեց, թե ինչպիսի պետություն ենք ուզում տեսնել՝ ոգեւորված էինք, գնում էինք այդ ճանապարհով: Հետագայում, երբ պետական անկախությունն իրավական ձեւակերպում ստացավ, Հռչակագիրը հիմք դարձավ այդ պետությունը կառուցելու համար: Դրանից հետո, որպես անկախ պետություն, հաղթեցինք Ղարաբաղյան պատերազմում, դրվեցին ժողովրդավարության, ազատ ձեռներեցության հիմքերը, բայց եղան նաեւ հուսախաբություններ ու հիասթափություններ, վախ ապագայի հանդեպ: Եվ այսօր հայտնվել ենք այս վիճակում։ Դրանում բոլորս մեղքի մեր բաժինն ունենք: Չեմ խոսի այն մասին, թե ով ինչ չափով է մեղավոր, ով ինչ է արել, ես դատավոր չեմ, թող պատմությունը դատի:
Այսօր ի՞նչ պետությունում ենք գտնվում: Հռչակվել է ժողովրդավարություն, բայց ընտրությունները՝ ժողովրդավարության ամենահիմնական մեխանիզմը, որը պետք է ապահովեր ժողովրդի իշխանությունը, բացարձակապես չի գործում: Իշխանությունը մի խումբ մարդկանց ձեռքում է, որոնք անում են՝ ինչ ուզում են: Դատական համակարգ չկա, այն իշխող խմբի սպասարկողն է: Համատարած կոռուպցիա է՝ վերից վար, ամբողջ պետական ապարատը, ամբողջ հասարակությունը թաթախված է դրա մեջ: Բնական հարստություններն են քամուն տրվում, հերթը հասավ Թեղուտին: Դրամի անսպասելի արժեւորումը ոչ միայն խփում է մեր ժողովրդի մի մեծ մասի գրպանին, այլեւ քայքայում է մեր տնտեսությունը: Այս վիճակում ենք ապրում: Մի պետության մեջ, որտեղ չկա ոչ քաղաքական, ոչ տնտեսական ազատ մրցակցություն, եւ որպես դրա հետեւանք, քաղաքական եւ տնտեսական լծակների մոտ են հայտնվում անպիտան մարդիկ, որոնց միակ նպատակը այդ դիրքերը պահելն է: Այն մարդիկ, ովքեր ունեն բարոյականություն, բանականություն, գիտելիքներ, դուրս են մնում այդ համակարգից: Ահա այս պայմաններում ենք ապրում: Եվ պատահական չէ, որ հասարակության մեջ առաջացել է մի բանաձեւ՝ ազատվել սրանցից, ազատվել ամեն գնով: Դա է մեր հասարակության ներկայիս հրամայականը: Բայց հարց է՝ կկարողանա՞նք, եւ եթե կարողանանք, նույն ծուղակը չե՞նք ընկնելու: Քանի որ միայն անձերով չի պայմանավորված այս ամենը, սրա տակ թաքնված է վաղուց ի վեր ձեւավորված, երկար տարիներ աշխատող մի համակարգ: Որո՞նք են այդ համակարգի արմատները: Այն համընդհանուր ոգեւորությունից հետո ինչպե՞ս այսպիսի համակարգ ձեւավորվեց:
Առհասարակ հեղափոխություններից հետո միշտ էլ առանձնանում է հեղափոխությունն իրականացրած մարդկանց մի խումբ, որոնք սկսում են մտածել, թե իրենք ընտրյալներն են, թե իրենք առաջնորդվում են այնպիսի սկզբունքներով ու գաղափարներով, որոնց ժողովուրդը դեռ անհաղորդ է, հետեւաբար վտանգավոր է լսել ժողովրդի ձայնը, իշխանություն տալ ժողովրդին։ Նույնը տեղի ունեցավ մեզանում: Մարդկանց մի խումբ երեւակայեց, որ իրենք վեր են կանգնած ժողովրդից, ճակատագրով իրենց է տրված առաջնորդի դերը, իսկ ժողովրդի ձայնը լսելը նույնիսկ վտանգավոր է, որովհետեւ միշտ էլ կարող է մեջտեղ գալ մի արկածախնդիր, որը, օգտվելով ժողովրդի ծանր սոցիալական վիճակից, կառաջնորդի նրան: Իրենք հասկանում են՝ ինչ է անկախությունը, ժողովուրդը չի հասկանում, իրենք հասկանում են՝ ինչ է նշանակում ժամանակակից պետություն, ժողովուրդը չի հասկանում: Եվ որպեսզի ժողովուրդը շարունակ դեմ չկանգնի, խոչընդոտներ չստեղծի այս ճանապարհին՝ կապված նաեւ ազգային հիմնահարցերի հետ, պետք է նվազեցնել նաեւ ազգային մտածողությունը: Եվ, ըստ նրանց, ազգային մտածողությունը դառնում է կեղծ կատեգորիա: |